Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի նշվում է ապրիլի 4-ին:

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:

Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք:

 Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից:

Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների:

 Անժամանակ Որդին, փառքերի Լույսը և Հոր Էության նկարագիրը, անճառելի ու անհասանելի Բանն Աստված, Ով Իր անսկիզբ Էությամբ ի սկզբանե Հոր մոտ էր և Համագո է Սուրբ Հոգուն, կամեցավ գտնել կորսվածներին, ժողովել ցրվածներին, դարձի բերել մոլորյալներին, կանգնեցնել գլորվածներին և օտարացածներին վերընծայել Փառքերի Հորը: Այդ պատճառով Քաջ Հովիվն Իր մոլորված ոչխարների համար Իր անձը տվեց:

 Եվ այսօր Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Այսօր երկիրը երկինք դարձավ: Ներքին աշխարհի բնակիչները դարձան երգակից վերին հոգեղեններին: Այսօր վերին հրաբուն զորքերն ավետիս են տալիս երկրավորներին, որ Հիսուսի հարությամբ լուծարվեց մահկանացուների մահը: Այսօր Հարսին՝ Եկեղեցուն, որ նստել էր սգի մեջ, լուսեղենների լուսազգեստ հույլերը ավետիս են տալիս, որ նրա Փեսան հարություն է առել և գալիս է Եկեղեցուն Իր փառքին պսակելու:

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 20-ից հետո մինչև ապրիլի 24-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Սուրբ Զատկի Ավանդույթներ

Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով: